Աբխազիայի և Հարավային Օսիայի Վրաստանի կազմում վերամիավորումն հնարավոր է, եթե վրաց ժողովուրդը հանդես գա համբերատար դիրքորոշմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրատեսական է, եթե մեր քաղաքականությունը հիմնված լինի համբերության վրա։ Թեև հարցի լուծումը կախված է մի շարք գործոններից, ճիշտ մոտեցմամբ և համբերությամբ հնարավոր է հասնել արդյունքի», – նշել է Կոբախիձեն։
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում բռնկված զինված հակամարտության ժամանակ վրացական զորքերը փորձեցին վերահսկողություն սահմանել Ցխինվալի նկատմամբ։ Դրա հետևանքով Ռուսաստանը օգոստոսի 8-ին զորքեր ուղարկեց տարածաշրջան, ինչի արդյունքում վրացական ուժերը նահանջեցին։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։