ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում։ Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել արտադրամասում առկա մսատեսակներից և փոխանցվել լաբորատոր փորձաքննության։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։
Փորձաքննության արդյունքներով՝ «պաղեցված հավի միս» ապրանքատեսակի նմուշում հայտնաբերվել են ախտածին սալմոնելլա մանրէներ, իսկ «սառեցված հավի միս» նմուշում արձանագրվել է տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մասի ոչ համապատասխանություն։ Երկու դեպքում էլ արտադրանքը չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է, և սահմանվել է խախտումների վերացման ժամկետ։