Չորս տարվա ընդմիջումից հետո վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահը։ Վերաբացման տոնական արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։
«Խորհրդանշական է, որ վերաբացումը կայանում է Արվեստի համաշխարհային օրը՝ Արշիլ Գորկու ծննդյան օրը։ Սա դառնալու է մեկ այլ խորհրդանշական պահ՝ կապված Գորկու աշխատանքների ցուցադրման հետ», — իր խոսքում նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ վերանորոգման աշխատանքներին հատկացվել է ավելի քան 800 մլն դրամ։
Պատկերասրահը ներկայանում է նոր ինտերակտիվ լուծումներով, վերաձևավորված սրահներով և ժամանակակից ցուցադրական մոդելով։ Վերանորոգվել են օդափոխման, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ, իսկ ցուցասրահները համալրվել են ժամանակակից տեխնոլոգիաներով։
Վերաբացված ցուցասրահներում ներկայացված են ինչպես դասական հայ վարպետների՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հովհաննես Այվազովսկու, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը, այնպես էլ իտալական վերածննդի և բարոկկոյի շրջանի գլուխգործոցներ։ Այցելուները հնարավորություն կունենան պարբերաբար ծանոթանալ նաև նախապես չցուցադրված ստեղծագործությունների։
Բացման օրը պատկերասրահը վերածվել էր արվեստների կամրջի՝ համադրելով վիզուալ արվեստը երաժշտական փերֆորմանսների ու աուդիոինստալյացիաների հետ։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվել էր նաև Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը՝ թանգարանին նվիրված 1974 թ.-ին։