Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ավագանու արտահերթ ընտրությունները հասել են իրենց ավարտին: Ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, և անմիջապես մեկնարկել է քվեաթերթիկների հաշվառման գործընթացը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալներով՝ մարտի 30-ին, ժամը 17:00-ի դրությամբ, երկու համայնքներում ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 49,014 ընտրող, ինչը կազմում է ընտրական իրավունք ունեցողների 37,07%-ը:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում քվեարկությանը մասնակցել է 9,833 ընտրող՝ ընտրական իրավունք ունեցող 20,967 քաղաքացիներից, ինչը կազմում է 46,90%: Իսկ Շիրակի մարզի Գյումրիում, նույն ժամին, ընտրություններին մասնակցել է 39,181 ընտրող՝ ընտրական իրավունք ունեցող 111,236 անձանց 35,22%-ը:
Գյումրիի ավագանու ընտրություններում պայքարի մեջ է մտել ինը քաղաքական ուժ՝ վեց կուսակցություն և երեք դաշինք: Դրանք են՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր», «Դեմոկրատական այլընտրանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ինչպես նաև «Մեր քաղաքը», «Մայր Հայաստան» և «Եվրադաշինք» դաշինքները:
Փարաքարում ընտրություններին մասնակցել է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» դաշինքը:
Նախընտրական քարոզարշավը սկսվել էր մարտի 15-ին և եզրափակվել մարտի 28-ին: