Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՀՀ ՊՆ) հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի պնդումը, թե մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում գտնվող ադրբեջանական դիրքերի վրա: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՊՆ-ն ընդգծել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման միջադեպերը կամ դրանց վերաբերյալ տեղեկությունները հետաքննելու համար: Այս առաջարկին Ադրբեջանը դեռևս չի արձագանքել: ՀՀ ՊՆ-ն վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ համապատասխան փաստերի առկայության և դրանք հայկական կողմին փոխանցելու դեպքում հետաքննել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները:
Ադրբեջանական կողմը միայն մարտ ամսին տարածել է հրադադարի խախտման մասին 16 հաղորդագրություն, որոնցից 14-ը՝ մարտի 16-21-ն ընկած ժամանակահատվածում: Այդ բոլոր պնդումները ՀՀ ՊՆ-ն հերքել է:
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարել էր, որ սահմանին երբեմն կրակոցներ լինում են, սակայն դրանք ուղղված չեն Հայաստանի տարածքին: Նա նշել էր, որ նման դեպքերում ՊՆ-ն հաղորդագրություններ չի հրապարակում: